«Վարդանանց» ԲԿ-ն (Vardanants Center for Innovative Medicine - Վարդանանց ՆԲԿ) կոչվում է նորարարական բժշկական կենտրոն` ՆԲԿ:
Իսկ արդյո՞ք հիվանդներին չարչարելը նորարար է:
Պատմեմ:
Ուրեմն, հիվանդն Առողջապահության համընդհանուր ապահովագրության շահառու է: Ունի ուղեգիր: «Վարդանանց»- ում սպասարկվելու ցանկություն ուներ: ՆԲԿ-ի հետ հեռախոսակապով կապվելն անհնար է: Կարող եմ գրազ գալ: Երևի դա նորարարության 1-ին քայլն է:
Հիվանդը գնում է «Վարդանանց»: Հետազոտվում է: ՆԲԿ-ից ասում են, որ հետազոտության արդյունքները 3 օրվա ընթացքում կուղարկեն հիվանդի էլեկտրոնային փոստին: Չեն ուղարկում` նորարարության 2-րդ քայլն է:
Երկար բանակցությունների արդյունքում, հիվանդի ազգականները «Վարդանանց»-ի ֆեյսբուքյան էջը վարողից պահանջում և, ի վերջո, ստանում են հիվանդի հետազոտության արդյունքները:
«Վարդանանց»-ի հետազոտող բժիշկը հիվանդին ուղեգրում է նեղ մասնագիտական ստուգման: Ուղեգիրը ցանցում չի երևում` նորարարության 3-րդ քայլ: Այլ ԲԿ-ներից բացատրում են, որ «Վարդանանց»-ի բժիշկը սխալ է լրացրել ուղեգիրը: Դա է պատճառը, որ այն ցանցում չի երևում: Առաջարկում են զանգահարել «Վարդանանց» ՆԲԿ և առաջարկել ուղղել սխալը: Ինչպես արդեն ասել էի, «Վարդանանց»-ի նորարարական 1-ին քայլը հեռախոսազանգերի միջոցով կապվելու անհնարինությունն է:
Հիվանդն իր պոլիկլինիկայից նոր ուղեգիր է վերցնում: Կրկին գնում է այլ ԲԿ` նեղ մասնագետի մոտ: Այս անգամ պարզվում է, որ «Վարդանանց»-ի բժիշկը հետազոտություններից մեկի նկարը չի տրամադրել, միգուցե` չի ներբեռնել համակարգ` նորարարության 4-րդ քայլը: ԲԿ-ից առաջարկում են կապվել «Վարդանանց»-ի հետ: Դե, իրենք չգիտեն, չէ՞, թե որն է նորարարության 1-ին քայլը:
Մի խոսքով, այժմ հիվանդը պետք է կրկին գնա «Վարդանանց» ՆԲԿ, որպեսզի վերցնի հետազոտման նկարը և տանի այլ ԲԿ` նեղ մասնագետի մոտ:
Իսկ 5-րդ նորարարությունն այն է, որ «Վարդանանց» ՆԲԿ-ի ֆեյսբուքյան էջն այլևս հիվանդների ազգականների հետ բանակցությունների մեջ չի մտնում:
Եվ, ուրեմն, հիվանդին չարչարելը նորաձև է, կներեք, նորարար է: Կարծում եմ` սա կարող է լինել «Վարդանանց» ՆԲԿ-ի նշանաբանը:
Կարեն Հեքիմյան